Դինքի Սպանությունից Հետո Հայերի 25 Տոկոսը Թուրքիայում Անապահով է Զգում Իրեն

Armtown.com

Թուրքիայում ապրող մի խումբ հայ երիտասարդներ, որոնց համախմբում է «Նոր զարթոնք» անունով կազմակերպությունը, «Լինել փոքրամասնություն Թուրքիայում» խորագրով հարցում են անցկացրել 500 հայերի շրջանում: Այդ մասին, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Մարմարա» օրաթերթը:

Հարցման մասնակիցների կարծիքով` Հրանտ Դինքի սպանությունից հետո հայերի 25,1 տոկոսը Թուրքիայում անապահով եւ անհանգիստ է զգում իրեն:

Հայերի 4,5 տոկոսը ցանկանում է Հայաստանում հաստատվել: Թուրքիայի հայ բնակչության շրջանում հայկական վարժարան հաճախողների թիվը կազմում է 81,4 տոկոս, հայերեն իմացողներինը` 91,9 տոկոս:

Հայաստանի դրությունը «շատ լավ» է գնահատում հարցման մասնակիցների 12,4, «լավ»` 39,7, «միջին»` 37,3 տոկոսը: Հայերի 97,4 տոկոսը Թուրքիայում քաղաքական որեւէ կուսակցության չի անդամակցում, 69,9 տոկոսը կողմ է, որ Թուրքիան Եվրամիությանն անդամակցի, 26,7 տոկոսը` դեմ:

«Ամուսնության համար կրոնը կարեւոր է» հարցման ժամանակ ժառանգական ավանդույթներին կարեւորություն է տվել մասնակիցների 48,6, դավանանքին` 39,7, իսկ կրոնին` 76,5 տոկոսը: