Թուրքիայում հայկական հաստատությունների բռնագրավումն ինքնության դեմ ոտնձգություն է

stekir

News.am

«Քամփ Արմեն» մանկատան շենքի կամ հայկական ցանկացած հաստատության բռնագրավումը ոչ միայն հողային կամ գույքային իրավունքի հարց է, այլեւ ժողովրդի ինքնության նկատմամբ ոտնձգություն: Այս մասին «The Armenian Weekly»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Քամփ Արմեն»-ի փրկության համար պայքարող ստամբուլահայ ակտիվիստ, հայկական «Նոր Զարթոնք» շարժման անդամ Սայաթ Թեքիրը:

Հարցազրույցում նա անդրադարձել է նաեւ խնդիրների, որոնց բախվում են Թուրքիայի փոքրամասնությունները, «Նոր Զարթոնք» շարժման ստեղծմանն ու առաքելությանը, ինչպես նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգություններին, այդ թվում՝ Հրանտ Դինքի եւ Սեւան Բալըքչըի սպանություններին ու Ստամբուլի Սամաթիա շրջանում տարեց հայուհիների դեմ հարձակումներին: Խոսելով Թուրքիայում հայ համայնքի շրջանում տիրող վախի մթնոլորտի մասին, Թեքիրը ներկայացրել է անձնական պատմությունը. «Նույնիսկ իմ անունն այդ վախի արդյունք է: Ծնողներս ինձ Սայաթ են կոչել, չնայած նախընտրել են Արարատ անունը»,- նշել է նա:

Ակտիվիստը պատմել է նաեւ իսլամացած կամ թաքուն հայերի, ինչպես նաեւ նրանց՝ համայնք վերադարձի մասին: Իսկ նրանց, ովքեր դեմ են նրանց վերադարձին, Սայաթ Թեքիրը կոչ ունի. «Մենք չենք կարող համայնքի դարպասների մոտ պահապաններ նշանակել: Ցանկացած մարդ կարող է համայնքի մաս կազմել: Եվ նրանք պետք է դառնան, քանի որ նրանք կոգեշնչեն մեզ: Նրանք մեզ նորություն կբերեն: Դա շատ կարեւոր է: Ես սա ասում եմ՝ ինչպես հայ»:

Թեքիրը մանրամասն ներկայացրել է «Քամփ Արմեն»-ի շուրջ ծավալված շարժումը, որը ձեւավորվել է այն բանից հետո, երբ բուլդոզերները սկսել են քանդել շենքը: Նա ընդգծել է շենքի պահպանման նպատակով ծավալված պայքարի եւ հասարակական լայն աջակցության կարեւորությունը: