Թուրքիան ժողովրդավար պետություն կարող է դառնալ միայն Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո

abdem

Թուրքիայից հեռացած եւ Եվրոպայում «Եվրոպայի խաղաղության դեմոկրատական մեջլիս» (ABDEM) հասարակական կազմակերպությունը հիմնած տարբեր էթնիկ խմբերի անդամները Հայաստանում են՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրանք ապրիլի 24—ին՝ Հայոց ցեղասպանության 99—րդ տարելիցին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կներկայացնեն իրենց պահանջը Թուրքիայի Հանրապետության կառավարությանը՝ ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը եւ կրել եղեռնի հետեւանքների պատասխանատվությունը։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրին կազմակերպության անդամները։

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ «Եվրոպայի խաղաղության դեմոկրատական մեջլիսի» նախագահ, ազգությամբ քուրդ Ռոժդա Յիլդիրիմի խոսքով՝ Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմությանն ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ «Մեր կազմակերպությունը Հայաստանում է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդին զորակցելու համար։ Մենք այստեղ ենք, որ բողոքենք Թուրքիայի գործած ոճրի դեմ եւ պայքարենք խաղաղության համար։ Մենք ուզում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցն ամեն տեղ լսելի լինի ու արդար ձեւով լուծվի»,–ասաց Ռոժդա Յիլդիրիմը՝ հավելելով, որ իրենք Թուրքիայի սփյուռքի կազմակերպություն են, բայց Թուրքիայի ժողովրդավարության համար են պայքարում։

«Մեր գործերից մեկն էլ այն է, որ Թուրքիան ժողովրդավար երկիր դառնա ու առաջինը դա կարող է լինել Հայոց ցեղասպանությունը ճանաչելով»,–նշեց նա։

«Եվրոպայի խաղաղության դեմոկրատական մեջլիսի» ալեւիական կազմակերպությունների ներկայացուցիչ Ալիէքբաֆ Փեկթաշն էլ նշեց, որ Հայաստանում է փոխանցելու աշխարհասփյուռ ալեւիների զորակցությունը հայ ժողովրդին։ «Ուրախ ենք, որ Հայաստանում ենք հայերի ցավերը կիսելու համար։ Մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը եւ հայերին զորակցելու համար ենք այստեղ։ Թուրքիայի պետությունը պետք է հայերից ներողություն խնդրի ու կատարի այն պահանջները, որ հայերը առաջ են քաշում»,–ասաց Ալիէքբաֆ Փեկթաշը։

Հարցին, թե ինչպես են բանախոսները պատկերացնում ճանաչման դեպքում հայկական հողերի վերադարձը, երբ այնտեղ ապրում են քրդեր ու այլ փոքրամասնություններ, Ռոժդա Յիլդիրիմը պատասխանեց. «Եթե հայերը ուզում են ապրել իրենց հողերում, մենք, քրդեր լինելով, ուզում ենք հայերի հետ միասին ապրել։ Մենք անցյալում հայերի հետ ապրել ենք եւ ուզում ենք ներկայում էլ ապրել»։

«Եվրոպայի խաղաղության դեմոկրատական մեջլիս» (ABDEM) հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2013 թվականի մարտի 21—ին։ Կազմակերպության կենտրոնը Գերմանիայում է, ունի 57 խմբեր ողջ Եվրոպայում։
(ArmenPress)