Քամփ Արմենը անհապաղ վերադարձնել հայերին

Kamp-Armen-protesto-26-Haziran-2015

Քատիր Աքըն

Քամփ Արմենի բռնագրավումն ու ապամոնտաժումը՝ որպես ապօրինի  գործընթացի մի օրինակ, հստակ ի ցույց է դնում նաեւ այն, որ գենոցիդ ասվածը դեռեւս շարունակում է յուրացվել որպես հանրային գիտակցություն եւ պետական քաղաքականություն:  Մեր օրերում թուրքական պետության եւ նշանակալի չափով թուրք ժողովրդի համար Հայկական Հարցի ամենակարեւոր մասը երեւան է գալիս պատմական գիտակցության մեջ:

Հայկական Հարցը «դավաճանության եւ պատժի» շրջանակներում ձեւակերպող պետությունն ու հանրությունը չեն բավարարվում 1915-ին տեղի ունեցածն արդարացնելով եւ փաստորեն ասում են.  «անհրաժեշտության դեպքում այսօր էլ նույնը կանենք»:  Քրդական հարցի լուծման եւ հաշտության գործընթացի վերջնական հանգուցալուծմանը հասնելու համար մի քանի տարի շարունակված բանակցությունները բերել են մի կետի, որին տեղին է նայել նաեւ այս տեսանկյունից՝ մտքում պահելով Հայկական Հարցի լուծման համար երեկ տեղի ունեցածը:

Հրանտ Դինքի եւ այլ հարյուրավոր ընչազուրկ հայ երեխաների հիշողության մեջ որպես «Ատլանտիդայի քաղաքակրթություն» կառուցված ճամբարը Գեդիկփաշա հայկական Ավետարանչական եկեղեցու հիմնադրամի կողմից 1962թ. գնվել, տարիներ առաջ էլ անօրինական կերպով բռնագրավվել է: Այժմ ուզում են այս ճամբարն ապամոնտաժել եւ տեղում այլ շինարարարական աշխատանք սկսել:  «Ազգայնամոլական» հիստերիան, որի կարիքը զգացվում էր քաղաքական հետադիմության ժամանակներում, ամենամեծ չափով փորձել են ապահովել հենց հայերի նկատմամբ զարգացվող քարոզչությամբ: Այս տեսանկյունից զարմանալի չէ, որ Քամփ Արմենի բռնագրավումը եւ ճամբարի տնօրենի ձերբակալությումը ժամանակային առումով համընկնում են 1980թ. զինվորական դիկտատուրայի հետ:

Քամփ Արմենի դիմադրությունը, որ զուգադիպել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, պատասխան է տալիս բոլոր նրանց, ովքեր ցանկանում են այն ներկայացնել որպես անցյալում մնացած մի հարց:  Թուրքիայի ժողովուրդներն իրենց ապագան կերտելիս չեն կարող այն կառուցել՝ այս հարցին մատների արանքով նայելով, քանի որ եթե փորձեն կառուցել այս կերպ, ապա այն կլինի նախկինի պարզ նմանակումը:  Որովհետեւ եթե այն օրերի քաղաքական պայմաններում մի ազգ իր պետությունը ստեղծելիս այդ հողերից ցեղը ոչնչացնելու մտադրությամբ պոկել-շպրտել է մեկ այլ ազգի՝ բռնագրավելով նրա ողջ ունեցվածքը, եթե այս հանցանքին առերեսվելուց խուսափելով առաջացած հետեւանքները չեն բռնել փոխհատուցման ուղին,  ուրեմն խնդիրը պահպանում է իր արդիականությունը: Հարցը չի սահմանափակվում միայն ցեղասպանության հանցանքով: Քանի դեռ լուծում չի ստացել դեմոկրատիա հասկացողությանը հիմնավորապես հետաքրքրող այս խնդիրը, պարզ է, որ չի կարող անգամ խոսք գնալ ժողովրդավարացման գործընթացի մասին: Այդ իսկ պատճառով արդի քաղաքական զարգացումները մեզ մեկ անգամ եւս ցույց են տալիս, թե որքան սին են եղելԱրդարություն և Զարգացում կուսակցությունից( ԱԶԿ) տարիներ շարունակ «առաջավոր դեմոկրատիա» ակնկալողների սպասելիքները:

Միայն եւ միմիայն քրդերի իրավացի պահանջները ճանաչելով եւ նրանց հետ հարաբերվելով ինտերնացիոնալիստ չեն դառնում պարզ ասած: Դա պետք է ցույց տալ Հայկական Հարցում, հույների եւ ասորիների Սեյֆո անունով հայտնի ցեղասպանության, չերքեզական, Կիպրոսի եւ նման այլ հարցերում համապատասխան դիրքորոշում որդեգրելով:

Այժմ Քամփ Արմենի դիմադրությունը մտավորականների, դեմոկրատների եւ սոցիալիստների համար կարծես մի նոր քննություն է, քանի որ Թուրքիայի ժողովրդավարացման ճանապարհի ուղեցույցներից մեկն էլ հենց հայկական հարցն է: Այս հարցից փախուստը վճարելիք հաշիվը մեծացնելուց բացի այլ օգուտ չի տալիս: Նախ անհրաժեշտ է, որ մտավորականներն ու սոցիալիստները փոխեն իրենց հայացքները այս հարցի շուրջ: Եւ կախված այն բանից, թե որքան կհաջողի սա, արդյունքում փոխվելու է նաեւ փողոցի շարքային մարդու տեսակետը: Իհարկե հնարավոր չէ սպասել, որ տարիներով «գյավուրական» մշակույթով ձեւավորված գիտակցությունը փոխվի մեկ ակնթարթում, սակայն այսօր, երբ դռները կրկին արագորեն բացվում են քաղաքական հետադիմության առջեւ, ժողովրդավարացման ամբողջական պայքար մղելու տեսանկյունից կարեւորություն է ստանում հայերի կողքին լինելը՝ արդարության որոնումի նրանց պայքարում:

Իրենց ապագան եւ իշխանությունը պահպանելու նպատակով դեռ շատ վաղուց ընտրությունների վերանցկացման վերաբերյալ որոշում կայացրած Էրդողանի ու ԱԶԿ իշխանության մուտքը ընտրական գործընթաց նշանավորվելու է ռասիստական եւ շովինիստական հրահրումներում, եւ սա ակնհայտ է: Ու զարմանալի չպետք է լինի, որ հրահրվող թուրք ռասիստների մտքին քրդերի հետ միասին գալիս են նաեւ հայերը: Այս հարցը տեղ է գտել պատերազմի դեմ խաղաղությունը պաշտպանելու համար ստեղծված խաղաղության բլոկի պարտավորությունների շարքում, եւ եթե կարողանանք այն դարձնել առաջիկա օրերի ամենակարեւոր դրոշակը հանդիսացող մեր քաղաքական դեմոկրատիայի պահանջի մի մաս, ահա այդժամ կարող ենք լինել իրական ինտերնացիոնալիստներ:

Այս պայքարը կհզորացնի եւ ժամանակային առումով կկրճատի նաեւ Քամփ Արմենի՝ իրական տերերին վերադարձի գործընթացը:

Թուրքերենից թարգմանեց Անի Սարուխանյան