Ի՞նչ են պատմում Դիարբեքիրի քրդերը Հայոց ցեղասպանության մասին

[ A+ ] /[ A- ]

fft16_mf3426823

Civilnet

Թուրքիայում ապրող հետազոտողներ Ադնան Չելիքը և Նամըք Քեմալ Դինչը գրի են առել Դիարբեքիրի քուրդ բնակչության բանավոր հիշողությունները Հայոց ցեղասպանության մասին: Գիրքը կոչվում  է «Հարյուրամյա ցավ. հանրային հիշողության հետքերը 1915թ. Դիարբեքիրում»: «Ակօս» թերթն արդեն հարցազրույց է արել գրքի համահեղինակ Նամըք Քեմալ Դինչի հետ, որը ներկայացրել ենք ընթերցողների ուշադրությանը:

Թուրքական Radikal թերթի լրագրող Սերդար Քորուջուն նույնպես զրուցել է գրքի հեղինակների հետ, որոնք պատմել են հայ-քրդական հարաբերությունների մասին, ասել, թե ինչու են քրդերը հայերին «ֆըլլե» կոչում, ինչպես են նրանք անվանում 1915-ի դեպքերը, ինչ մասնակցություն են ունեցել հայերի կոտորածներին: Գրքի հեղինակները պատմում են նաև, թե ինչ նպատակով են քրդերը փրկել որոշ հայերի: Հոդվածի առաջին մասը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Գրքի անունը՝ «Հարյուրամյա ցավ», վերցված է մի պատմությունից: Ձեր զրուցակիցը վկայակոչում է հոր խոսքերը. «Հարյուր տարի է անցել, սակայն այս հողերից չի վերացել հայերի կրած ցավի ծանրությունը»: Ինչպե՞ս են կոչում դիարբեքիրցիները 1915-ը:

Ադնան Չելիք – 1915թ. բնութագրելու համար օգտագործվում են մի շարք արտահայտություններ: Քրդերենում որևէ ամրագրված տարբերակ գոյություն չունի, կան բազմաթիվ ձևեր, ըստ տարածաշրջանի օգտագործվում են տարբեր սահմանումներ: Այդ բոլոր արտահայտությունների ընդհանրությունն այն է, որ փորձում են հնարավորինս անաչառ ձևով ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել:  Մյուս կողմից էլ անվանումներն անուղղակիորեն խոսում են մեթոդների մասին, որոնք գործի են դրվել 1915-ին: Հարցազրույցների ընթացքում բոլոր վայրերում օգտագործում էին fermana filehan՝ հայերի ֆերման արտահայտությունը, որն իր մեջ ներառում է թե՛ հայերի տեղահանությունը, թե՛ կոտորածը: 1915թ. տեղի ունեցածը մատնանշելու համար, բացի  fermana filehan արտահայտությունից, կիրառվում են նաև «qetilkirina filehan», «firxûnê Armeniyan», «kuştina filehan» և «dema birrînê» քրդերեն արտահայտությունները, որոնք թարգմանաբար նշանակում են սպանել, ոչնչացնել, արմատը կտրել, վերացնել: Ըստ իս՝ դրանք հստակ ցույց են տալիս, թե ինչպես են կոչում դիարբեքիրցիները 1915-ը: Նրանց հավաքական հիշողությունը նրբորեն ընդգծում է, որ տեղի ունեցածը վայրագություն էր, որում մուսուլմանները մեղավոր են, իսկ հայերը՝ անմեղ:


Այդպե՞ս են քրդերն արտահայտում իրենց՝ մասնակիցների մեջ լինելը:

Ադնան Չելիք – Գործ ունենք շատ նուրբ խնդրի հետ: Երբ խոսում ենք (Ցեղասպանության մասնակից-ՍիվիլՆեթ) հիմնական խմբերի մասին, քրդերն էլ ունեն իրենց դերակատարությունը: Սակայն ճիշտ չէ, մակերեսային է «քրդերն են Ցեղասպանություն իրականացրել» արտահայտությունը. շատ պատմություններ ենք լսել այն մասին, որ քրդերը փրկել են հայերին:

Նամըք Քեմալ Դինչ – Կոտորածին մասնակցողները քուրդ և թուրք լինելու համար չէ, որ համատեղ են գործել: Այլ շարժառիթներ կային:

Հայերի և քրդերի համատեղ կյանքի ամենակարևոր արժեքներից մեկը՝ քիրվայությունը նույնիսկ չի կարողանում այդ շարժառիթների դեմն առնել: (Քիրվայությունը նման է կնքահայրությանը: Մուսուլման երեխայի թլպատման արարողությանը մասնակից քրիստոնյան դառնում էր այդ ընտանիքի քիրվան-ՍիվիլՆեթ) Քիրավայությունն ընտանիքներին մերձեցնում էր, բայց մյուս կողմից էլ կարծես չէր թույլատրում խառնամուսնությունները: Այդպես չէ՞:

Նամըք Քեմալ Դինչ – Ես ալևի եմ: Այսօր էլ ալևիների մեծ մասին դուր չի գալիս սուննիներին աղջիկ տալն ու առնելը: Նույնը և սուննիների դեպքում: Ինչպես Դուք նշեցիք՝ քիրվայական հարաբերություններն արգելում էին ամուսնությունը, սակայն ապահովում էին  հարաբերությունների սերտացումը: Այն կրոնական խմբ

երը, որոնք միմյանց նույնիսկ բարև չէին տալիս, քիրվայական հարաբերություններ հաստատելով՝ ապրում էին համատեղ:

Ադնան Չելիք – Քիրվայությունը նաև ապահովում էր փոխադարձ հովանավորչությունը:  Հատկապես՝ եթե խոսում ենք հայերի տեսանկյունից. հայերը քրդերի պաշտպանության կարիքն ունեին, քրդերն էլ  հայերի արհեստների կարիքն ունեին:  Հանս Լուկաս Քեյսերի խոսքով՝ քիրվայությունը «համատեղ, առանց ցավի կյանքի» հիմնաքարն է:

Արդյո՞ք 1915-ին փոքրաթիվ հայերի կենդանի մնալը պայմանավորված է այն հանգամանքով, որ «հայերի գործ» կոչված արհեստներից բավական  հեռու քրդերին անհրաժեշտ էին հայ արհեստավորներ:

Ադնան Չելիք – Այո, հայերի մեծ մասը կենդանի  է մնացել սոսկ այն պատճառով, որ որևէ արհեստի է տիրապետել: Այդ է վկայում Լիջեում Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր զրուցակցի հոր պատմությունը: Մեր զրուցակիցը պատմում է, որ իրենց ընտանիքից մոտ 30 մարդ սպանելուց հետո Լիջեի բեյերից մեկը փրկում է իր 14 տարեկան հորը:  Բեյն ասում է. «Նրան էլ եթե սպանենք, ո՞վ է մեզ համար կոշիկ կարելու»:

Պատմություններում ուշադրություն է գրավում այն, որ քրդերը հայերին  «ֆըլլե» են կոչում:

Ադնան Չելիք – Ես Դիարբեքիրի զազա եմ, այդ բառն իմացել եմ միայն կուրմանջի սովորելուց հետո: Մենք՝ զազաներս, հայերին «Արմենի» ենք ասում, կուրմանջիները՝ «ֆըլլե»: Բառն արաբերեն է և նշանակում է գյուղացի:  Մարդկանց մի մասը «ֆըլլե» է ասում առանց որևէ բացասական միտումի: Ոմանք, սակայն, այդ բառն օգտագործում են չափազանց նվաստացուցիչ իմաստով: Օրինակ՝ կենցաղային հարաբերություններում  մեկը մյուսի վրա բարկանալով՝ ասում է. “ma ez filehê bavê te me!”  «Ես քո հոր ֆըլլե՞ն եմ, ի՞նչ եմ»:

Նամըք Քեմալ Դինչ – Քրդաբնակ շրջաններում այս արտահայտության հաճախադեպ կիրառությունը ազդեցությունն է այն բանի, որ հայերը քուրդ բեյերի և աղաների իշխանության և հովանավորության տակ են ապրել: Այս համատեքստում հայերը մշապես ընկալվում են որպես երկրորդ կարգի մարդիկ:

Հայերը երկրորդ կարգի մարդ էին համարվում, սակայն մշակութային առումով քրդերը մեծապես ազդվել են նրանցից, հայերի ավանդույթները մուտք են գործել քրդական մշակույթ: Օրինակ՝ Ձեր գրքում պատմվում է, որ քուրդ երեխաները խաչակնքվում էին:

Ադնան Չելիք – Այդ ավանդույթը ես պարզ հիշում եմ: Տատիկս երեխաների համար հաց պատրաստելիս մոխրով  մեր ճակատին խաչի նշան էր անում: Բացի այդ՝ երեխաներին հայկական անուններ էին տալիս, երբ ընտանիքի մինչ այդ ծնված բոլոր երեխաները մանուկ հասակում մահանում էին: Այդ պատճառով երեխայի անունը Տիգրան էին դնում, հավատում էին, որ դրանից հետո Գաբրիել հրեշտակապետն այդ երեխայի կյանքը չի կարող վերցնել: Սասունում, որտեղ հայերը մեծ թիվ էին կազմում, այժմ քրդերը նույնիսկ Նոր տարվա նման մի տոն են նշում: Այնուամենայիվ՝ մշակութային ազդեցությունը փոխադարձ էր: Բայց այդ՝ քրդերը հիանում էին հայերով: Հայերի՝ քրդերի նկատմամբ հիացմունքը մի տեսակ նման էր երիտթուրքերի՝ Արևմուտքի նկատմամբ հիացմունքին:

Նամըք Քեմալ Դինչ – Եթե հայերի հիշողություններում քրդերի նկատմամբ վերաբերմունքը դրական չէ, ապա քրդերի պարագայում այլ է: Քրդերն իրենց բանավոր հիշողություններում մեծ մասամբ հայերի մասին դրական են արտահայտվում. «Հայերը շատ ընդունակ էին, հմուտ, շատ լավ գործ էին անում: Քրդերի շրջանում արդիականացումն ընկալվում էր հետևյալ կերպ՝ նմանվել հայերին: Քրդերի աչքի առաջ հայերն իրենց գյուղերում ժամանակակից դպրոցներ ունեին: Հայերի նկատմամբ հիացմունքը կարելի է տեսնել 1915թ. առաջ քրդական թերթերում տպագրված հոդվածներում: Դրանցում գովեստով էր խոսվում հայ մտավորականների և գործիչների մասին, շեշտվում էր, որ  պետք է օգտվել նրանց մեթոդներից: Որոշ հոդվածներում ընդգծվում էր, որ քրդերը պետք է օրինակ վերցնեն հայերից, որոնք Եվրոպայում կրթություն  ստանալով, գյուղ են վերադառնում և լծվում ժողովրդին պաշտպանելու գործին:

Պատմություններում 1915-ին գործող «Cendirmeyên bejik»-ները (Ժանդարմերիայի խմբերը-ՍիվիլՆեթ) համեմատվում են ժամանակակից գյուղական պահապանների՝ քորուջուների հետ:

1915-ին ֆիդայական խմբերի դեմ ստեղծվում են քրդերից կազմված «Cendirmeyên bejik»-ները:

Ադնան Չելիք – Դիարբեքիրում «Cendirmeyên bejik»-ները հիմնականում կազմված էին քրդերից և յուրահատուկ ոստիկանական միավորներ էին: Դրանցում ընդգրկվում էին առաջին աշխարհամարտի ժամանակ մարտադաշտ չգնացած 45 տարեկանից բարձր քաղաքացիական բնակիչները: Այդ խմբերի հիմնական գործառույթը աքսորված հայերի քարավանների վրա հարձակվելն ու տեղահանության ալիքից փախածներին ձերբակալելն էր, այսինքն՝ նրանք  մարդկանց գլխի որս էին անում:

Հայերին օգնել ջանացողները պատժվում էին, ինչպես մեր ժամանակներում:

Նամըք Քեմալ Դինչ – Ինչպես 1990-ականներին, երբ PKK-ի զինյալները մուտք էին գործում որևէ գյուղ և կրակի մատնում այն տները, որտեղ նրանք ապաստանել էին, նույն կերպ և 1915-ին հայերին օգնողները պատժվում էին: Բանավոր պատմություններում հաճախ են մարդիկ պատմում այս մասին:

Ադնան Չելիք – Ինչպես 1990-ականներին գյուղացիները պատժվում էին քուրդ պարտիզաններին օգնելու համար, նույն էր նաև 1915-ին՝ հայերի պարագայում: