«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման» նիստը

[ A+ ] /[ A- ]

2

MinDiaspora.am

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը» խորագրով նիստի քննարկումները դարձյալ ընթացան չորս հիմնական ուղղություներով. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը միջազգային հանրության կողմից, Մշակութային ցեղասպանության հիմնահարցերը, Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների իրավական հիմնախնդիրները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռնարկների և միջոցառումների մասին:

Նիստավարներն էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, Մեծի Տան Կիլիկիո Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Եղիկ Ճէրէճեանը, ՀԲԸՄ Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետ Քնար Պասմաճեանը:

Ելույթ ունեցավ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը (Նիդերլանդներ): Նա խոսեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիդերլանդների քաղաքականության մասին: Անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ Մաթո Հախվերդյանը նշեց, որ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան՝ Հայ Դատի հանձնախմբի հետ համատեղ, փորձելու է այդ աշխատանքներում ներգրավել նաև կառավարական մարմիններին:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը (Հայաստան) խոսեց Հայաստանի Հանրապետության ամբողջականության վերականգնման անհրաժեշտության հիմքերի և հեռանկարների մասին՝ շեշտելով, որ մեր բոլոր աշխատանքները իրավական դաշտ պետք է տեղափոխվեն:

Ելույթ ունեցավ «Եվրոպայի հայերի համագումարի» նախագահ Կարո Հակոբյանը (Շվեդիա): Իր ելույթում նա նշեց, որ օգտագործելով Սփյուռքի և Հայաստանի ներուժը՝ մեր պետք է աշխատանքները կենտրոնացնել բարոյական, նյութական և հողային պահանջների շուրջ: Պետք է հստակեցնել առավելագույն և նվազագույն պահանջների սահմանները՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի նորմերը:

«Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» կազմակերպության ակտիվի անդամ Արծվի Նավասարդյանը (Ռուսաստան), անդրադարձավ նաև Ջավախքի հիմնահարցերին՝ առանձնացնելով մայրենի լեզվի, մեր եկեղեցիների պահպանության խնդիրները:

Հայագիտական ոլորտում իրականացված աշխատանքների մասին խոսեց Իրանի «Ազատ» համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ղեկավար Անդրանիկ Սիմոնյանը (Իրան): Առաջարկեց, որ այն երկրներում, որտեղ հնարավոր չէ բարձրաձայն խոսել Հայոց ցեղասպանության մասին, պետք է խնդրին անդրադառնալ մեր մշակույթի, լեզվի, արվեստի միջոցով:

Ցեղասպանության ճանաչման ու հատուցման ուղղությամբ տարվող աշխատանքների նյութական կարևորության հարցը բարձրացրեց Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիայի գլխավոր քարտուղար Պողոս Քուրդյանը (Լիբանան): Նա իր ելույթում նշեց, որ ցանկացած աշխատանք, ծրագիր կարիք ունի մարդուժի և նյութական օժանդակության:

Նա կարևորեց նաև քարոզչական աշխատանքը և նշեց, որ Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիան իր գլխավոր նպատակը դարձրել է լիբանանցուն ավելի մոտիկից ծանոթացնել Հայոց ցեղասպանությանը:
Ավստրալիայում ԼՂՀ պատվո-ներկայացուցիչ Վարուժան Իսկենդերյանը (Ավստրալիա) իր ելույթում նշեց, որ Ցեղասպանության ոճիրը շարունակվում է առ այսօր:

Մեջբերով Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Առաջինի խոսքերը՝ «Անտարբերությունը՝ դավաճանություն է», նշեց Հայ Դատը յուրաքանչյուր հայի դատն է, սա է մեր միակ անելիքը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը (Հայաստան) իր ելույթում անդրադարձավ Թուրքիայի նոր կառավարության արտաքին քաղաքականությանն ու Հայկական հարցին:

Նա նշեց, որ Թուրքիայի միակ նպատակը Կովկասում իր իրավունքների վերահաստատումն է՝ որպես Օսմանյան կայսրության ժառանգ:

«Նոր զարթոնք» կազմակերպության համանախագահ Սայաթ Թեքիրը (Թուրքիա) իր ելույթում խոսեց կազմակերպության կատարած աշխատանքների և համագործակցության հնարավորությունների մասին՝ նշելով, որ Թուրքիայի հետ հարբերություններում նոր ռազմավարություն պետք է մշակել:

Ալեքսան սարկավագ Գալաճեանը (Հայաստան) իր ելույթում անդրադարձավ նոր սերնդին վերապահված աշխատանքներին:

Մոսկվայի մարզի Ռեուտովի «Հայ-ռուսական բարեկամություն» կազմակերպության նախագահ Վաչագան Բասենցյանը նույնպես (Ռուսաստան) իր խոսքում շեշտը դրեց երիտասարդների դաստիարակության և հայապահպանության խնդիրներին, նշելով, որ նրանք են ապագայում Հայ դատը առաջ տանողները:

Հայ դատի Իսրայելի հանձնախմբի ներկայացուցիչ Ժորժետ Ավագյանը (Իսրայել) ներկայացրեց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Իսրայելում կատարված աշխատանքները:

Վարդանանց ասպետներ կազմակերպության ավագ սպարապետ Սթիվեն Քրաջյանը (ԱՄՆ) խոսեց կազմակերպության աշխատանքների մասին, որի հիմնական նպատակը Հայ Դատի պաշտպանումն է, Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հայ-դանիական (ԴԱՆ ԱՐՄԵՆ) կազմակերպության փոխնախագահ Աննա Կարապետյանը (Դանիա) խոսեց Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ Դանիայում իրականացված աշխատանքների և ավելի միասնական լինելու մասին:

Աշոտ Մարտիրոսյանը (Իսրայել) իր ելույթում ներկաներից նյութական աջակցություն խնդրեց, դեռևս 2008 թվականին նախագծված Ցեղասպանության հուշահամալիրի կառուցման համար:

Ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինեանը խոսեց «Խաղաղության արվեստ» կազմակերպության աշխատնքաքների մասին, նշելով, որ յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է աշխատանքներ իրականացնի, որպեսզի մենք վերջնականապես հասնենք Ցեղասպանության հարցի արդարացի լուծմանը:

«Հայոց ցեղասպպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը» խորագրով նիստը ամփոփեց Մեծի Տան Կիլիկիո Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: Թեհրանի Հայոց թեմի առաջնորդն իր ամփոփիչ խոսքում նշեց, որ մեր նահատակների հիշատակը պետք է ոգեկոչենք գործնական միջոցներով, որը ենթադրում է իրավունքների վերականգնում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նիստն ամփոփեց հետևյալ նախադասությամբ. «Մեր ուժը բազմակարծության և համազգային խնդիրների միասնության մեջ է»: