Ստամբուլում բողոքի ցույց է տեղի ունեցել

[ A+ ] /[ A- ]

Mitk.am

Ստամբուլահայերի «Նոր Զարթոնք» շարժման կողմից սեպտեմբերի 5-ին երեկոյան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպվել է բողոքի ցույց` 2011-ի ապրիլի 24-ին զորամասում զինակցի կողմից սպանված Սեւակ Շահին Բալքըչըի սպանության կոծկման դեմ:

Մոտ 500 հոգի հավաքվել են Ստամբուլի Թաքսիմ հրապարակում և «Միլիտարիզմը սպանում է» մեծ պաստառը բռնած երթով շարժվել են դեպի Գալաթասայի հրապարակ: Երթի մասնակիցները ճանապարհին վանկարկել են «Բոլորս Սևակ ենք, բոլորս հայ ենք», «Մարդասպան պետությունը հաշիվ է տալու», «Սևակին չենք մոռանալու» կարգախոսները: «Նոր Զարթոնք»-ի անունից հայտարարությամբ է հանդես եկել Մուրադ Գյոզօղլուն` կոչ անելով հետևողական լինել Սևակի սպանության գործով սեպտեմբերի 7-ին Դիարբեքիրի զինվորական դատարանում տեղի ունենալիք հերթական դատական նիստին: Գյոզօղլուն շեշտել է, թե ինչպես 1915 թ.-ին, այնպես էլ` հիմա, հայ սպանելը օրինական է և մարդասպանները չեն պատժվում:

Սևակի զորացմանը մնացել էր 23 օր: 2011 թ.-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից: Դատարանը հենց առաջին դատական նիստին ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին` նշելով, թե նա փախչելու առիթ չունի: Դիարբեքիրի զինվորական դատարանում բարձրաստիճան մի զինվորական, ում անունը չի հայտնվում, հայտարարել է, թե Սևակի սպանությունից հետո ականատես մի զինվոր մոտեցել է իրեն` ասելով, թե Քվանչ Աղաօղլուն Սևակին ասել էր. «Թմբլիկ, քեզ սպանելու եմ»: Ռազմական դատախազության կողմից պատրաստված մեղադրականում Քվանչ Աղաօղլուի համար պահանջվում է ընդամենը 9 տարվա ազատազրկում՝ «անփոթության հետևանքով մարդ սպանելու համար»: