Երբ երկրի բնակչության 53 տոկոսը չունի Սահմանադրությամբ ու օրենքներով հասանելիքը

[ A+ ] /[ A- ]

Երբ մասնավոր կամ հանրային հարթակներում խոսվում է կանանց դերի փոփոխության և հանրային մասնակցության կարևորության մասին, հաճախ բախվում ենք դիմադրության, թե «կինը կին ա, մայր ա», «օջախի պահապանն ա», «ստեղծված ա տղամարդուն օգնելու համար՝ նրա կողոսկրից», «ունի մեկ ֆունկցիա՝ երեխաներ ունենալ ու դաստիարակել », «բա տան գործն ո՞վ անի, տղամարդուն ո՞վ սպասարկի, եթե կինը ակտիվ հանրային կյանք մտնի» և այլն։

Կանանց իրավունքների վերաբերյալ ցանկացած քննարկում հասարակության մեջ առաջացնում է դիմադրություն, քանի որ սեռային դերերին վերաբերող կարծրատիպերն ամենաամրապնդվածն են հանրային գիտակցության մեջ։ Իսկ իրավունքը, չէ, իրավունքը դեռ դռան հետևում կսպասի, թեև օրենքի տեսք է ստացել, ամրագրվել երկրի Սահմանադրության մեջ և այլ օրենքներում, բայց չի մտել կենցաղ, չի դարձել կենսակերպ։

Ամենօրյա կյանքում մենք առաջնորդվում ենք սովորույթներով, իսկ մարդկանց վարքը բնորոշելիս մշակութային նորմերը հիմնական ուղենիշերն են։ Տվյալ հասարակությունում ընդունված որևէ սեռի վերաբերյալ պատկերացումների ընդհանրացումները՝ կարծրատիպերը, սահմանում և գնահատում են յուրաքանչյուր սեռին բնորոշ բնութագրերն ու առանձնահատկությունները, ստեղծում գենդերային սպասումներ, որոնք անպայմանորեն պետք է արդարացվեն: Երբ կինը դրսևորում է գենդերային սպասումներին անհամապատասխան վարք, ընկալվում է որպես նորմերին չհամապատասխանող: Իսկ հասարակությունը շատ դաժան է վարվում մարդկանց հետ, որոնք նորմավորված վարքից դուրս են, կամ այդ նորմերի դեմ պայքարելով հասնում են իրենց ձգտումներին և երազանքներին։

Հանրային կյանքում ակտիվություն ցուցաբերող կանանց ամեն կերպ պիտակավորում են, նրանց առաջընթացը խոչընդոտում՝ ասելով, որ քաղաքականությունը, բիզնեսը, գիտությունը, սպորտը կնոջ տեղը չեն, դա տղամարդկանց աշխարհ է, կինը կկորցնի իր կանացիությունը այդ տարածքներում հայտնվելիս, կդառնա տղամարդկանց համար ոչ այնքան գրավիչ (կարծես թե մեր միակ երազանքն էլ հենց տղամարդկանց աչքում ցանկալի երևալն է), ցույց են տալիս կնոջ տեղը՝ «կնոջ տեղը խոհանոցն է»։ Մի՛ մոռացեք, կանա՛յք, մի՛ փորձեք դուրս գալ ձեզ համար նախանշված տարածքից, չափը չանցնե՛ք հանկարծ, սահմանված պատժամիջոցները խիստ են։

Սակայն այն կանայք, որոնք հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, այնուամենայնիվ հասնում են հաջողությունների, նրանց փառաբանման հիմնական լեյտմոտիվը լինում է՝ «տղամարդ-կին է», գիտնական կանանց իբրև թե գովաբանելով՝ նշում են՝ «տղամարդու խելք ունի», սպորտային հաջողություն գրանցած կանանց՝ «տղամարդու ուժ ունի» և այլն։

Այսպիսով, կարծրատիպերը առաջացնում են անարդար վերաբերմունք՝ հասարակության կողմից հաստատված չափորոշիչներին չհամապատասխանող մարդկանց նկատմամբ, սահմանափակում և խոչընդոտում են անձի ինքնադրսևորման, կայացման և երազանքներին ու ձգտումներին հասնելու հնարավորությունները: Հասարակությունը՝ մի կողմից կանխելով, մյուս կողմից սոցիալական խրախուսանքների միջոցով ստիպում է մարդուն հավատարիմ մնալ գենդերային սխեմաներին և կարծրատիպերին՝ հավատարիմ կանանց տիտղոսավորելով որպես «լավ մայր, հրաշալի կին, իսկ չհամապատասխանողներին՝ պիտակավորելով և թիրախավորելով որպես անցանկալի։

Կենսակերպի փոփոխության և մարդու իրավունքների, ժողովրդավարության ժամանակակից մոտեցումների տեսանկյունից հանրային ընդհանրացված ընկալումները կանանց դերի վերաբերյալ խիստ անհամապատասխան են, խտրական և անարդար։ Մենք օրենքով հռչակում ենք, որ կանայք և տղամարդիկ իրավահավասար են (ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածը), իսկ առօրյա կյանքում բազմաթիվ խոչընդոտներ սահմանում այդ հավասարությանը հասնելու ճանապարհին։

Այս իրավիճակում ինչպե՞ս ենք պատկերացնում ժողովրդավարական հասարակության կայացումը՝ առանց երկրի բնակչության 53 տոկոսի՝ կանանց հավասար ընդգրկվածության, հավասար մասնակցության երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին։

Փաստացի, մեր ընկալումները խանգարում են ոչ միայն մարդ-անհատի կայացմանը, այլև հասարակության ժողովրդավարացմանը՝ կասեցնելով մի ընթացք, որը մեզ մասը կդարձնի ժամանակակից ժողովրդավարական քաղաքակրթության։

Իսկ գուցե փոխվենք, վերանայենք մեր կարծրատիպային ընկալումները՝ հնարավորություն ստեղծելով, որ կանայք լինեն առավել ակտիվ ու դուրս գան տղամարդու ենթակայությունից։

Այս հարցերը քաղաքական են, դրանց վերաբերյալ կայացված որոշումները կփոխեն մեր կյանքի որակն ու պետության ողջ պատկերը։

Արտատպուած՝ civilnet.am