«Քամփ Արմէն»ից Կոչ Համայն Հայութեանը

[ A+ ] /[ A- ]

alindigi-gibi-iade-edilmeli-49807-5

Սոֆիա ՅԱԿՈԲԵԱՆ
Ասպարէզ

Ստամբուլի հայկական Թուզլա ճամբարը (Քամփ Արմէն), որը կառուցուել է Արեւտմեան Հայաստանի տարբեր անկիւններից Կ. Պոլիս բերուած հայ որբերի կողմից, արդէն շուրջ 107 օր է, ինչ իր շուրջն է համախմբել Թուրքիայի հայ երիտասարդութեանը:

Այդ հողում իրենց հայութիւնն ապրեցրած հայ մանուկների (այդ թւում եւ Հրանտ Դինքի ) կողմից մեզ թողնուած ժառանգութիւն հանդիսացող «Քամփ Արմէն»ի պահպանման համար պայքար մղող հայ երիտասարդներն այսօր, ինչպէս երբեւէ, կարիքն ունեն համայն հայութեան աջակցութեան:

Ստամբուլի Թուզլա հայկական ճամբարի փրկութեան համար երեք ամսից աւելի պայքար մղող ակտիւիստները ունեն ոչ միայն Թուրքիայի, այլեւ ամբողջ աշխարհի հայութեան ուշադրութեան եւ օգնութեան կարիքն այսօր: Ներկայումս մանկատուն-ճամբարը կործանումից պաշտպանող հայ երիտասարդները ահազանգում են. իրենց սուղ միջոցներով երկար չեն կարող դիմադրել:

Նախ համառօտ պատմական ակնարկ ներկայացնենք նրանց համար, ովքեր դեռ չեն ծանօթացել «Քամփ Արմէն»ի պատմութեանը:

1950ական թուականներին, Ստամբուլի Ս. Յովհաննէս Գեդիկփաշա բողոքական եկեղեցու ներքնայարկը ծառայում էր որպէս գիշերօթիկ դպրոց Արեւմտեան Հայաստանից Ստամբուլ բերուած հայ մանուկների համար, որոնք Կ. Պոլիս էին բերուել մկրտուելու եւ հայեցի կրթութիւն ստանալու նպատակով: Սակայն ամրան ամիսներին իրենց գիւղերը վերադարձող փոքրիկները հասցնում էին մոռանալ Կ. Պոլսում սովորած հայերէնը, իսկ որոշ որբ մանուկներ գնալու տեղ չունէին:

Ահա այս ժամանակ եկեղեցական միութիւնը (Աւետարանական եկեղեցին-Խմբ.) կարողացաւ գնել (1962) Թուզլայում գտնուող այն հողատարածքը, որը յետագայում այդ նոյն հայ մանուկների ձեռքով վերածուեց «Արմէն ճամբար»ի, որն իրենք կառուցել եւ փայփայել էին առանց որեւէ պետական աջակցութեան: Ձեռք ձեռքի տուած, քարը քարին դնելով, հայ որբերը ստեղծեցին աշխարհում իրենց համար լուսաւոր այն անկունը, որը շատերի համար դարձաւ ճամբար, դպրոց, տուն եւ ամէն ինչ: Այստեղ հարիւրաւոր մանուկներ սերտեցին իրենց մայրենին, կազմեցին նոր հայկական ընտանիքներ (Այս ճամբարում են նաեւ ծանօթացել Հրանտ Դինքն ու իր կին Ռաքէլը) :

1987թ.ին պետութիւնը կարողացաւ դադարեցնել ճամբարի գործունէութիւնն ու խլել տարածքը հայկական միութունից՝ «հայ ազգայնականներ» պատրաստելու մեղադրանքով:

Հարիւրաւոր հայ մանուկների համար օդեւան դարձած, միեւնոյն ժամանակ դէպի հայութիւն դուռ բացած ճամբարը, որը յետագայում հայ համայնքից առգրաւուեց թուրքական պետութեան կողմից, այսօր կործանման եզրին է:

28 տարի անց ճամբարը աւերելով տեղում ամառանոցային առանձնատներ կառուցելու որոշումը նոր անհանգստութիւններ բերեց հայ համայնքին:

Հայ երիտասարդների մի խումբ սոյն թուականի Մայիսի վեցի առաւօտեան, ճամբարի աւերման մասին լուրն առնելուն պէս դէպի «Քամփ Արմէն» ուղեւորուեցին՝ կանխելու նոր եղեռնագործութիւնը:

Թուրք աշխատակիցը, որը մինչ այդ չէր լսել Քամփ Արմէնի պատմութիւնը, կանգնեցրեց մեքենան եւ յայտարարեց, «Չեմ անի, ես էլ երեխաներ ունեմ»:

Ճամբար հասնելով նրա աւերումը կանխած հայերը յայտնեցին, որ չեն հեռանայ ճամբարից միչեւ նրանց պահանջը չկատարուի, այն է՝ վերադարձնել տարածքը հայ համայնքին:

«Քամփ Արմէն»ի դիմադրութեան 100րդ օրը թուրք ազգայնականների կողմից յարձակում էր իրականացուել ճամբարում հերթապահող հայ երիտասարդների վրայ, ինչի արդիւնքում երկուսը վիրաւորուել էին:

Այսօր, 109 օր շարունակ ճամբարում հերթապահութիւն իրականացնող հայ երիտասարդները ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել ամբողջ աշխարհով եւ յայտնում, որ այլեւս չեն կարող միայնակ պայքարել.

«Առաջինն ինչ մեզ անհրաժեշտ է, դա հոգեւոր աջակցութիւնն է: Երկրորդը՝ նիւթական: Թուզլա ճամբարի դիմադրութեան առաջին օրուանից այստեղ եմ: Սնունդն ու ջուրը մեր գրպանից ենք առնում: Արջեւում ձմեռ է, պէտք կը լինեն ծածկոցներ եւ վերմակներ: «Քամփ Արմէն»ն ինձ համար Ցեղասպանութիւնից մեր օրեր ձգուող մի կամուրջ է, եւ հարիւր տարի ընդմիջումից յետոյ մեր առաջին դիմադրութիւնն այս երկրում» (Սարին Քորքմազ):

«Դիմադրութեան առաջին օրուանից այստեղ եմ: «Քամփ Արմէն»ը ամէն բան փոխել է իմ կեանքում: Ճամբարը դարձել է մեր տունը, իսկ դիմադրողները մեր ընտանիքը: Միասին, ձեռք ձեռքի տուած նոր կեանք սկսեցինք կառուցել այս վաղուց լքուած պատերի ներսում: Մենք շարունակելու ենք մեր պայքարը: Ուզում ենք, որ մեզ միանան բոլորը, բոլորս միասին պայքարենք հայ որբերի ժառանգութեան համար, Հրանտի յիշատակի համար» (Արեւ Միրաքեան):

Ճամբարին օգնելու համար բացուած են յատուկ հաշուեհամարներ.

EUR:

TR72 0001 5001 5804 8013 2114 21

USD:

TR02 0001 5001 5804 8013 2114 20

GBP:

TR61 0001 5001 5804 8012 8028 61

SWIFT Code: TVBATR2AXXX