AlikOnline
«Հայոց Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման գործընթացը» խորագրով նիստի քննարկումները դարձեալ ընթացան չորս հիմնական ուղղութիւններով. Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործընթացը միջազգային հանրութեան կողմից, Մշակութային ցեղասպանութեան հիմնահարցերը, Հայոց Ցեղասպանութեան զոհերի ժառանգների իրաւական հիմնախնդիրները, Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ձեռնարկների եւ միջոցառումների մասին:
Նիստավարներն էին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ՍԴՀԿ Կենտրոնական վարչութեան անդամ Եղիկ Ճերէճեանը, ՀԲԸՄ Տորոնտոյի մասնաճիւղի ատենապետ Քնար Պասմաճեանը:
Ելոյթ ունեցաւ Հոլանդահայ կազմակերպութիւնների ֆեդերացիայի նախագահ Մաթօ Հախվերդեանը (Հոլանդիա): Նա խօսեց Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ Հոլանդիայի քաղաքականութեան մասին: Անդրադառնալով Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումներին՝ Մաթօ Հախվերդեանը նշեց, որ Հոլանդահայ կազմակերպութիւնների ֆեդերացիան՝ Հայ Դատի յանձնախմբի հետ համատեղ, փորձելու է այդ աշխատանքներում ներգրաւել նաեւ կառավարական մարմիններին:
«Մոդուս վիւենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապեանը (Հայաստան) խօսեց Հայաստանի Հանրապետութեան ամբողջականութեան վերականգնման անհրաժեշտութեան հիմքերի եւ հեռանկարների մասին՝ շեշտելով, որ մեր բոլոր աշխատանքները իրաւական դաշտ պէտք է տեղափոխւեն:
Ելոյթ ունեցաւ Եւրոպայի հայերի համագումարի նախագահ Կարօ Յակոբեանը (Շւեդիա): Իր ելոյթում նա նշեց, որ օգտագործելով Սփիւռքի եւ Հայաստանի ներուժը՝ պէտք է աշխատանքները կենտրոնացնել բարոյական, նիւթական եւ հողային պահանջների շուրջ: Պէտք է յստակեցնել առաւելագոյն եւ նւազագոյն պահանջների սահմանները՝ հիմք ընդունելով միջազգային իրաւունքի նորմերը:
«Ռուսաստանի ջաւախքեան սփիւռք» կազմակերպութեան ակտիւի անդամ Արծւի Նաւասարդեանը (Ռուսաստան), անդրադարձաւ նաեւ Ջաւախքի հիմնահարցերին՝ առանձնացնելով մայրենի լեզւի, մեր եկեղեցիների պահպանութեան խնդիրները:
Հայագիտական ոլորտում իրականացւած աշխատանքների մասին խօսեց Իրանի Ազատ համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի ղեկավար Անդրանիկ Սիմոնեանը (Իրան): Առաջարկեց, որ այն երկրներում, որտեղ հնարաւոր չէ բարձրաձայն խօսել Հայոց Ցեղասպանութեան մասին, պէտք է խնդրին անդրադառնալ մեր մշակոյթի, լեզւի, արւեստի միջոցով:
Ցեղասպանութեան ճանաչման ու հատուցման ուղղութեամբ տարւող աշխատանքների նիւթական կարեւորութեան հարցը բարձրացրեց Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիայի գլխաւոր քարտուղար Պօղոս Քուրդեանը (Լիբանան): Նա իր ելոյթում նշեց, որ ցանկացած աշխատանք, ծրագիր կարիք ունի մարդուժի եւ նիւթական օժանդակութեան:
Նա կարեւորեց նաեւ քարոզչական աշխատանքը եւ նշեց, որ Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիան իր գլխաւոր նպատակը դարձրել է լիբանանցուն աւելի մօտկից ծանօթացնել Հայոց Ցեղասպանութեանը:
Աւստրալիայում ԼՂՀ պատւոյ-ներկայացուցիչ Վարուժան Իսկենդերեանը (Աւստրալիա) իր ելոյթում նշեց, որ Ցեղասպանութեան ոճիրը շարունակւում է առ այսօր:
Մէջբերելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի խօսքերը՝ «Անտարբերութիւնը՝ դաւաճանութիւն է», նշեց Հայ Դատը իւրաքանչիւր հայի դատն է, սա է մեր միակ անելիքը:
Միջազգային եւ անվտանգութեան հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեօպա Սաֆարեանը (Հայաստան) իր ելոյթում անդրադարձաւ Թուրքիայի նոր կառավարութեան արտաքին քաղաքականութեանն ու Հայկական Հարցին:
Նա նշեց, որ Թուրքիայի միակ նպատակը Կովկասում իր իրաւունքների վերահաստատումն է՝ որպէս Օսմանեան կայսրութեան ժառանգ:
«Նոր զարթօնք» կազմակերպութեան համանախագահ Սայաթ Թեքիրը (Թուրքիա) իր ելոյթում խօսեց կազմակերպութեան կատարած աշխատանքների եւ համագործակցութեան հնարաւորութիւնների մասին՝ նշելով, որ Թուրքիայի հետ յարաբերութիւններում նոր ռազմավարութիւն պէտք է մշակել:
Ալեքսան սարկաւագ Գալաճեանը (Հայաստան) իր ելոյթում անդրադարձաւ նոր սերունդին վերապահւած աշխատանքներին:
Մոսկւայի մարզի Ռիւտովի «Հայ-ռուսական բարեկամութիւն» կազմակերպութեան նախագահ Վաչագան Բասենցեանը նոյնպէս (Ռուսաստան) իր խօսքում շեշտը դրեց երիտասարդների դաստիարակութեան եւ հայապահպանութեան խնդիրներին, նշելով, որ նրանք են ապագայում Հայ Դատը առաջ տանողները:
Հայ Դատի Իսրայէլի յանձնախմբի ներկայացուցիչ Ժորժետ Աւագեանը (Իսրայէլ) ներկայացրեց Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ Իսրայէլում կատարւած աշխատանքները:
«Վարդանանց ասպետներ» կազմակերպութեան աւագ սպարապետ Ստիւէն Քրաջեանը (ԱՄՆ) խօսեց կազմակերպութեան աշխատանքների մասին, որի հիմնական նպատակը Հայ Դատի պաշտպանումն է, Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման ուղղութեամբ տարւող աշխատանքները:
Հայ-դանիական (ԴԱՆ ԱՐՄԷՆ) կազմակերպութեան փոխնախագահ Աննա Կարապետեանը (Դանիա) խօսեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման ուղղութեամբ Դանիայում իրականացւած աշխատանքների եւ աւելի միասնական լինելու մասին:
Աշոտ Մարտիրոսեանը (Իսրայէլ) իր ելոյթում ներկաներից նիւթական աջակցութիւն խնդրեց, դեռեւս 2008 թւականին նախագծւած Ցեղասպանութեան յուշահամալիրի կառուցման համար:
Ամերիկահայ նկարիչ Դանիէլ Վարուժան Հեճինեանը խօսեց «Խաղաղութեան արւեստ» կազմակերպութեան աշխատանքների մասին, նշելով, որ իւրաքանչիւրն իր ոլորտում պէտք է աշխատանքներ իրականացնի, որպէսզի մենք վերջնականապէս հասնենք Ցեղասպանութեան հարցի արդարացի լուծմանը:
«Հայոց Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման գործընթացը» խորագրով նիստը ամփոփեց Մեծի Տանն Կիլիկիոյ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեհրանի հայոց թեմի առաջնորդն իր ամփոփիչ խօսքում նշեց, որ մեր նահատակների յիշատակը պէտք է ոգեկոչենք գործնական միջոցներով, որը ենթադրում է իրաւունքների վերականգնում:
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը նիստն ամփոփեց հետեւեալ նախադասութեամբ. «Մեր ուժը բազմակարծութեան եւ համազգային խնդիրների միասնութեան մէջ է»: