Թուրքիայում գործող կազմակերպությունները Ցեղասպանությունը ճանաչելու կոչ են հնչեցնելու

[ A+ ] /[ A- ]

nk.thumb

tert.am

Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Թուրքիայում գործող «Նոր զարթոնք», «Առերեսման հարթակ» հասարակական կազմակերպությունները, Մարդու իրավունքների միության խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը, «Անադոլու մշակույթի ու հետազոտությունների միություն» կազմակերպությունը և այլ կառույցներ մամուլի ասուլիսով են հանդես եկել, տեղեկացնում է Etha գործակալությունը:

«2015 թվականի ապրիլի 24-ին հավաքվելու ենք հրապարակներում. Ճանաչի՛ր, ներողությո՛ւն խնդրիր, հատուցի՛ր» խորագրով մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան էրեն Քեսքինը:

Նա նշել է, որ հարյուր տարի առաջ այդ տարածքներում տեղի ունեցածն անբուժելի, անդառնալի, աններելի հանցանք է:

«1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակահատվածում նաև ասորիների ու հույների, ապա Փոքր Ասիայի այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ համակարգված ոչնչացման քաղաքականություն է իրականացվել, նրանց տնտեսությունը պատմական ու մշակութային ժառանգության հետ միասին ոչնչացվել է»,- ասել է նա:

Քեսքինը նշել է, որ 2015 թվականի Ապրիլի 24-ին Ստամբուլում և Դիարբեքիրում Ցեղասպանությունը հիշատակելու, 100-ամյա ժխտմանը վերջ տալու համար միջոցառումներ են կազմակերպվելու:

Նա նշել է, որ միջոցառման նպատակը Ցեղասպանությունը ճանաչել տալը, ներողություն խնդրելն ու հատուցելն է լինելու:

Ստամբուլում միջոցառումները մեկնարկելու են Ապրիլի 24-ի առավոտյան՝ այն բանտի մոտ, որտեղ պահվել են հայ մտավորականները, և Հայդարփաշա կայարանի մոտ, որտեղից աքսորվել են:
Ավելի ուշ քայլերթ է տեղի ունենալու, իսկ հետո հարգանքի տուրք է մատուցվելու Բաթմանում զինծառայության ընթացքում սպանված Սևակ Բալըքչըի հիշատակին:

Համաժամանակյա միջոցառումներ են տեղի ունենալու նաև Դիարբեքիրում: