Թուրքիայում Կա եւ Հրանտ Դինքին Սպանող, եւ «Ես Հրանտ Դինք եմ» Ասող

[ A+ ] /[ A- ]

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Hraparak.am

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի բնակիչ, ազգությամբ հայ Սայաթ Թէքիրը «Նոր Զարթոնք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչն է: Նա եւ համախոհները կազմակերպության օգնությամբ բարձրաձայնում, բողոքի ակցիաներ են կազմակերպում Հրանտ Դինքի սպանության հարցով արդարադատության, ցեղասպանության ճանաչման, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եւ այլ խնդիրների, հարցերի վերաբերյալ: Կազմակերպությունը կուսակցական ոչ մի հենք չունի` ոչ հայկական, ոչ թուրքական: Այն ստեղծվել է 2004 թվականին, մինչ օրս Հայաստանի հետ գործընկերական ոչ մի կապ չունի:

Մեր զրուցակիցը նկատեց, որ վերջին դեպքերը, երբ Թուրքիայում սպանվեցին հայ կանայք, ցույց տվեցին, որ հայի համար վտանգավոր է ապրել այս երկրում: «1915-23 թվականների ցեղասպանությունն ավարտվել է ոմանց համար, իսկ մեզ համար դեռ շարունակվում է: Տասը տարին մեկ մի փորձանք գալիս է: Պետության անարդար վերաբերմունք կա, որ մեզ համար սովորական է դարձել:

Վերջին մեկ ամսում չորս դեպք եղավ` երկու կնոջ ծեծեցին, մեկը կորցրեց մեկ աչք, մի կնոջ փորձեցին փախցնել, մյուսի էլ կոկորդը կտրեցին-սպանեցին: Լուրեր կան, որ այս վերջինի կրծքին խաչ են նկարել: Ոստիկանությունը չի հաստատում այս լուրը ու չի շտապում պրպրել տեղի ունեցածը, սակայն մարդու իրավունքների հարցերով զբաղվող Ստամբուլի միությունը զեկույց է պատրաստել, տրամադրել ոստիկանությանը: Զեկույցի համաձայն, այդ սպանությունները էթնիկ հանցագործություններ, ոճիր են»:

Սայաթ Թէքիրը համախոհների հետ 2012 թվականի նոյեմբերին հայտարարել է, որ որքան մոտենում ենք 2015 թվականին` հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին, այնքան դժվարանում է թուրքահայության եւ Թուրքիա աշխատելու եկած հայերի կյանքը: «Մենք կոչ արեցինք միասին պաշտպանել մեր իրավունքները: Վերը նշված կնոջ սպանությունից հետո այդ թաղամասում բողոքի մեծ ակցիա եղավ, որին մասնակցում էին նաեւ քրդեր եւ ազգային այլ փոքրամասնություններ: Կան թուրքեր, որ սատարում են մեզ: Չենք կարող ասել, որ բոլորը ֆաշիստ են կամ ազգայնական: Թուրքիան հակասությունների երկիր է: Թուրքիայում կարող է լինել եւ Հրանտ Դինքին սպանող, եւ սպանությունից հետո «Ես Հրանտ Դինք եմ» ասող թուրք»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա կարծում է, որ որքան հզորանան Թուրքիայի ազգային փոքրամասնությունները, այնքան լավ կապրեն. «Սա Թուրքիայի ժողովրդավարության խնդիրն է: Որքան ուժեղ լինեն ժողովրդավարական ուժերը, այնքան ավելի լավ պիտի լինի, այնքան արագ կլուծվի հայերի ցեղասպանության հարցը: Հայերը չեն կարող մենակ լուծել Թուրքիայի հարցը: Մեզ հետ միասին Թուրքիան պիտի փոխեն թուրքերը, քրդերը, այլոք»:

Պետությունն անտարբեր է «Նոր զարթոնքի» նկատմամբ, բայց կան սպառնալիքներ, անդամները գիտեն, որ իրենց հետեւոմ են. «Դրանց վարժվել ենք: Բայց չկա բացահայտ ճնշում: Եթե լինի՝ այդ ճնշման դեմ էլ կպայքարենք: Զորակցողները շատ են, իրենց պատմությունն իմացողները շատ են: Դժվար է ասել քանի հայ կա, մեզ սատարում են այլ փոքրամասնություններ, թուրքեր, եւ 1000 հոգով ենք բողոքի ակցիա իրականացրել, եւ 10 հազար, եւ 50 հոգով: Մեզ համար կարեւոր են թե հայերի իրավունքները, թե այլ փոքրամասնությունների»:

«Նոր զարթոնքը» նաեւ համացանցային հեռարձակում ունի՝ «Նոր ռադիո» անունով: Հաղորդումները հեռարձակվում են 9 լեզվով՝ հայերեն, քրդերեն ասորերեն, չերքեզերեն եւ այլն: «Ձայնի եւ խոսքի իրավունք ենք տալիս բոլոր հալածվող փոքրամասնություններին»,- ասաց Սայաթ Թէքիրը: