«Ատելության գլուխն Էրդողանն է». Թուրքիայի հայերն Էրդողանից պահանջել են ներողություն խնդրել

[ A+ ] /[ A- ]

ist-070814-erdogan-ermeniler-kinama2

Tert.am

Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական հակահայկական հայտարարությունից դժգոհ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով ներողություն խնդրել իրենցից, տեղեկացնում է «Դողան» գործակալությունը:

Հայերին ուղղված խտրական և ատելությամբ լի խոսքերի դեմ բողոքելու նպատակով նրանք հավաքվել են «Ակօս» թերթի խմբագրատան մոտ:

Նրանք պարզել են Էրդողանի լուսանկարները, որոնց վրա գրված է եղել «Ատելության գլուխն Էրդողանն է», «Հայերից ներողությո՛ւն խնդրիր, Էրդողա՛ն», «Ուս ուսի՝ ընդդեմ ռասիզմի» և այլն:

Nor Zartonk հասարակական կազմակերպության համանախագահ Սայաթ Թեքիրը նշել է, որ Էրդողանի հայտարարությունները նորություն չէին իրենց համար, և սրանից առաջ էլ նման խոսքեր շատ են լսել:

Թեքիրը նշել է, որ նման ռասիստական հայտարարությունները նպաստում են տարբեր էթնիկ ինքնությունների, եկեղեցիների, սինագոգների դեմ հարձակումների իրականացմանը:

Նա նշել է, որ հավատքն ու ինքնությունը հաշվի չառնող, նվաստացնող անձը նախագահ ընտրվելու դեպքում իր ներկայացուցիչը չի լինելու:«Մենք՝ հայերս, որպես Թուրքիայում բնակվող ազգերից մեկը, նախընտրական հաշվարկներում գործիք դառնալ չենք ուզում, մեր ազգայնական զգացմունքների շահագործումը մերժում ենք»,-ասել է նա:

Թեքիրը նշել է, որ հայերը ցանկանում են ազատ, հավասար և ժողովրդավար միջավայրում ապրել, իսկ Էրդողանից ներողություն խնդրել է պահանջել, հակառակ դեպքում հայերին կոչ անելով դատի տալ նրան:

Հիշեցնենք, որ NTV հեռուստաընկերության ուղիղ եթերում Էրդողանը հայտարարել էր, որ իր քաղաքական գործունեության ընթացքում ԶԼՄ-ների կողմից իր հասցեին եղել են վիրավորական հրապարակումներ, մասնավորապես՝ իրեն հայ են անվանել:

Թուրքիայում նախագահական ընտրություններ կկայանան օգոստոսի 10-ին: